ԱՄՆ-ը նախապես տեղեկություն չի ունեցել Լիբանանում փեյջերների պայթյունի մասին՝ Կահիրեում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը դեռ փաստեր է հավաքում տեղի ունեցածի վերաբերյալ։ Բլինքենը նաև վերահաստատել է իր հավատարմությունը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրին՝ հայտարարելով, որ դա լավագույն հնարավորությունը կլինի Գազայի հումանիտար ճգնաժամը լուծելու և հակամարտությունը այլ ճակատներում տարածելուց խուսափելու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբանանում զանգվածաբար պայթել են փեյջերներ:
Sky News-ի տվյալով՝ իսրայելական Մոսադը պայթուցիկ նյութ է տեղադրել թայվանական արտադրության հինգ հազար փեյջերներում, որոնք պատվիրվել են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից։ Իսրայելական կիբերուժերի հաքերային հարձակման արդյունքում փեյջերները գերտաքացել են, և տեղի է ունեցել պայթյուն:
Փեյջերների պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, այդ թվում՝ երկու երեխա, հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարի պաշտոնակատարը: Նրա խոսքով ՝ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2800 մարդ: Լիբանանի իշխանությոնները հարձակումը որակել են ահաբեկչություն:
«Հեզբոլլահ»-ը և Լիբանանի իշխանությունները կատարվածի համար Իսրայելին են մեղադրել։ Լիբանանում փեյջերի պայթյունը լուրջ էսկալացիայի վտանգ է պարունակում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, և պետք է ամեն ինչ անել դրանից խուսափելու համար՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Լիբանանում տեղի ունեցած միջադեպն անվանել է արևմտյան երկրների խայտառակություն. նրա խոսքով՝ այդ դեպքերը ապացույց են, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի հանցագործություններին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լիբանանում տեղի ունեցածը անվանել է հրեշավոր ահաբեկչություն և «մեծ հակամարտություն հրահրելու փորձ։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։