ՌԴ Տվերի մարզի Տորոպեց բնակավայրում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում ոչնչացվել է զենքի խոշոր պահեստ։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել են Reuters-ը, AFP-ն և Украинская правда-ն՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրին։
Այս պահեստում պահվում էին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական և «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրների համար նախատեսված հրթիռներ, կարգավորվող օդային ռումբեր և հրետանային զինամթերք, նշում է Украинская правда-ն։ Հարվածը ծրագրել և իրականացրել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերը, գրում է պարբերականը։
Reuters-ը, հղում անելով Ուկրաինայի հետախուզական ծառայության աղբյուրին, նշում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածը «չափազանց հզոր պայթյուն» է առաջացրել, իսկ դրան հաջորդած հրդեհն ընդգրկել է 6 կմ շառավղով տարածք։
Գործակալությունը, վկայակոչելով NASA-ի արբանյակային տվյալները, գրում է, որ Տվերի մարզում անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են 3,6 միլիարդ ռուբլի արժողությամբ ռուսական հրթիռային զինանոցը։ Ըստ տեղեկությունների՝ գիշերը Տորոպեցում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտը եղել է հրթիռահրետանային գլխավոր վարչության զինանոցը։ Դա այն 13 պահեստից մեկն է, որը կառուցվել է 2015 թվականին՝ որպես զինամթերքի պահպանման ծրագրի մի մաս, և որի համար ծախսվել է 3,6 միլիարդ ռուբլի: Զինանոցը համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին ու հնարավորություն է տալիս պաշտպանել հրթիռները և զինամթերքի պաշարներն արտաքին ազդեցությունից, ապահովել դրանց անվտանգությունն ու պայթյունավտանգությունը:
Անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ Տվերի մարզի իշխանությունները բնակչության մասնակի տարհանում են իրականացրել։