Կենտրոնական և Արևելյան Եվրոպան պատուհասած «Բորիս» փոթորիկը մոտենում է Իտալիային։ Երկրի մեծ մասում նախազգուշացրել են անձրևների և ջրհեղեղի վտանգի մասին: Վերջին մի քանի օրվա ընթացքում Լեհաստանում, Չեխիայում, Ավստրիայում և Ռումինիայում աղետի զոհ է դարձել ավելի քան 20 մարդ։
Չեխիայում ջրհեղեղների հետ կապված իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է, բնակավայրերի մեծ մասում նկատվում է գետերի ջրի մակարդակի նվազում: Ըստ իշխանությունների հաշվարկի՝ ջրհեղեղի վնասի չափը կարող է կազմել մոտ 400 մլն եվրո։
Լեհաստանում իշխանությունները երեսուն օրով արտակարգ դրություն են հայտարարել տուժած շրջաններում։ Երկրի հարավի բնակիչներին օգնում են զինվորականները։ Այդ նույն ժամանակ, Օդերի ափին գտնվող Վրոցլավ քաղաքը պատրաստվում է սաստիկ ջրհեղեղի։
Ալպյան գետերի վարարումների պատճառով իրավիճակը շարունակում է ծանր մնալ Վիեննայում և Ներքին Ավստրիայի, Զալցբուրգի ու Տիրոլի դաշնային նահանգներում։ Ջրհեղեղը ավերել է բազմաթիվ համայնքներ, հեղեղվել են գյուղեր ու դաշտեր, նախնական տվյալներով՝ վնասի չափն այստեղ կազմում է տասնյակ միլիոն եվրո։
Քանի որ «Բորիս» փոթորիկը շարունակում է շարժվել դեպի հարավ, Հունգարիան պահպանում է բարձր պատրաստվածությունն աղետին:
Օդերևութաբանները հայտնում են, որ սեպտեմբերին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ռեկորդային տեղումների քանակը պայմանավորված է մի շարք գործոններով, ներառյալ` կլիմայի փոփոխությունը: