Շատ կարևոր է նոր ատոմակայանի կառուցման նախագիծը, ընդ որում՝ մենք այստեղ, ըստ էության, կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մենք պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, այսինքն՝ փոքր տիպի մոդուլյար ատոմակայան: Այդ մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի էներգետիկ անվտանգության մասով ռազմավարությանը:
«Մասնագետները մեզ բացատրեցին, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ, այսինքն՝ ի՞նչ է դա նշանակում, որ մոդուլային տեխնոլոգիաներով կառուցված ատոմակայանի ներսում, եթե, աստված չանի, վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ գտնվող բնակավայրի բնակչությանը չեն տարհանում, այսինքն՝ այդ վթարը տեղային նշանակության վթար է, որը միջավայրին չի սպառնում, և սա մեզ համար ակնհայտ դարձրեց, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով:
Հիմա ի՞նչ է տեղի ունենում. մոդուլային ատոմայականների տեխնոլոգիայի կիրառման փուլին են հասել մի քանի երկրներ: Միացյալ Նահանգները ոնց որ թե ամենաշատ առաջընթաց գրանցած երկիրն է, բայց այդ տեխնոլոգիայով զբաղվում է նաև Ֆրանսիան, այդ տեխնոլոգիայով զբաղվում են նաև ՌԴ-ն, Հարավային Կորեան, և մենք աշխատում ենք գործընկերների հետ:
Մի պրոբլեմ կա, որ այս պահին դեռևս աշխարհում գործող մոդուլյար ատոմակայան չկա: Կան կառուցվողներ, որոնք տարբեր ընթացքի մեջ են, բայց դեռևս գործող չկա: Մեր համոզմունքն այն է, որ դա անխուսափելի բան է. դա լինելու է միանշանակ»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ տեխնոլոգիան բավարար չափով հասունացած է:
«Մենք պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որը և՛ Հայաստանի ներսում, և՛ շրջակա երկրների համար որևէ կերպ չգնահատվի որպես սպառնալիք»,- հայտարարեց Փաշինյանը: