Microsoft-ի տվյալով՝ Ռուսաստանն ուժեղացրել է նախագահի առաջիկա ընտրությունում ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսի դեմ ապատեղեկատվական արշավը:
Ըստ գործակալության՝ երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է իր թեկնածությունից երկրորդ ժամկետի համար, գործընթացի ռուս մասնակիցները օգոստոսի վերջին սկսել են Հարիսին վարկաբեկելու արշավ: Օրինակ՝ Կրեմլի հետ կապված «Storm-1516» խումբը հրապարակել է երկու կեղծ տեսահոլովակ՝ թիրախավորելով դեմոկրատ գործիչներին:
Microsoft-ի տվյալով՝ «Storm-1516» խումբը հայտնի է ապակողմնորոշիչ տեսանյութերի արտադրությամբ, որտեղ դերասանները հանդես են գալիս որպես փաստերը բացահայտողներ կամ լրագրողներ և տարածում են կեղծ տեղեկություններ:
Սեպտեմբերի սկզբին Վաշինգտոնը Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ-ում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում ամերիկյան հասարակական կարծիքի շահարկումների փորձերի համար: Այդ գործողությունների պատճառով Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել RT պետական հեռուստաալիքի ներկայացուցիչների, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ: