Նայում ենք Ադրբեջանի Սահմանադրությանը, տեսնում ենք, որ այնտեղ կան տարածքային պահանջներ Հայաստանի դեմ: Այդ մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի Սահմանադրությունների մեջ եղած տարածքային պահանջների մասին խոսակցությանը:
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի Սահմանադրությունը հղում է անում 1991 թվականի պետական անկախության ակտին, պետական անկախությունը հղում է Ադրբեջանի առաջին հանրապետությանը՝ 1918-2022 թվակաների և Ադրբեջանի առաջին հանրապետության հռչակագրին:
«Այդ հռչակագրում գրված է, որ Ադրբեջանը հիմնադրվում է հարավային և արևելյան Անդրկովկասի տարածքում: Բացի դրանից՝ Ադրբեջանը 1919 թվականին Անտանտի պետություններին և Ազգերի լիգային ներկայացրել է քարտեզ՝ իր տարածքի մասին, որը ներառում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի մարզից հատված, Տավուշի մարզից հատված, Լոռու մարզից հատված, Շիրակի մարզից հատված: Սա ակնհայտ տարածքային պահանջ է Հայաստանի դեմ:
Բայց մենք չենք բարձրացնում այս հարցը, չենք ասում՝ Ադրբեջանը թող Սահմանադրությունը փոխի, որ խաղաղության պայմանագիր ստորագրենք: Ինչո՞ւ, որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որը ասում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար: Մենք համարում ենք, որ հարցը այդ հոդվածով լուծում է:
Հիմա Ադրբեջանն ի՞նչ է ասում, ասում է՝ ոչ մի պայմանագիր չի կարող հակասել Սահմանադրությանը: Ասում ենք՝ ճիշտ ենք ասում, շատ լավ, երբ այդ պայմանագիրը ստորագրվի, մենք այդ պայմանագիրն ուղարկելու ենք ՍԴ՝ սահմանադրականությունը ստուգելու: Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, մենք կասենք՝ ուրեմն այդպես էլ կա: Բայց եթե ՍԴ-ն որոշի, որ չի հակասում Սահմանադրությանը, դա կգնա ԱԺ և կվավերացվի: Երբ վավերացվեց, Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ-ում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ Հայաստանի օրենսդրության նկատմամբ: Այսինքն՝ վավերացված միջազգային պայմանագիրն ավելի բարձր է, քան ՀՀ օրենքը, իսկ եթե պայմանագիրը վավերացվել է, ուրեմն դա չի հակասում Սահմանադրությանը, և ստանձնած պարտավորությունը, մասնավորապես, այն պարտավորությունը, որ ՀՀ-ն և Ադրբեջանը չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են ապագայում նման տարածքային պահանջներ չբարձրացնել, դա դառնում է դե յուրե բարձրագույն իրավական ուժ ունեցող դրույթ»,- ասաց Փաշինյանը: