Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանը պատրաստ է, ուզում է և Հայաստանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցում տալիս Ադրբեջանին, ճշգրիտ նույն պայմաններով այդ նույն անցումն ապահովել: Այդ մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիների բացման հետ կապված՝ Ադրբեջանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե Հայաստանը չի ուզում, ապա Ադրբեջանն Իրանի տարածքով կիրականացնի նախագծերը:
«Մեր սոցիալական ցանցերում և քաղաքական շրջանակներում նաև նմանատիպ քննարկումներ կան, ասում են՝ ա՛յ եթե այդ ճանապարհը բացվի, կլինի հերթական դավաճանությունը: Ժողովո՛ւրդ, չեմ հասկանում, մենք պիտի ասենք՝ մենք թույլ չե՞նք տալիս մեր տարածքով, Ադրբեջանի արևելյան մասից կամ հիմնական մասից մեր տարածքով թույլ չենք տալիս գնան Նախիջևան, և Նախիջևանից թույլ չենք տալիս գնան Ադրբեջա՞ն. սա ի՞նչ տրամաբանություն է: Ինչո՞ւ պիտի դա ասենք, ի՞նչ խնդիր լուծելու համար:
Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ պետք է ասենք, որ պատրաստ ենք, և մեր ասածի մեջ որևէ կեղծավորություն չկա,- ասաց նա և հավելեց.- Ադրբեջանն ասում է՝ լա՛վ, դուք չեք ուզում, Իրանով ենք գնում: Մենք դեմ չենք, որ Իրանով գնան, իհարկե դա Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների խնդիրն է, բայց էլի վերահաստատում ենք՝ այն նույն պայմաններով, ինչ ԻԻՀ-ն է անցում տրամադրում, նույն պայմաններով նաև մենք են պատրաստ անել: Ավելին, երկկողմանի տրամաբանության մեջ մենք պատրաստ ենք գնալ նաև որոշակի պարզեցումների»,- ասաց Փաշինյանը: