ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախարարին կից տեղծվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ։
Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի նախագահը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն է։ Խորհուրդը զբաղվելու է Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին վերաբերող նախագծերը, որոշումները քննարկելու, նրանց կարծիքները և մոտեցումները պարզելու, որոշումներն ավելի թիրախավորված և կարիքահենք դարձնելու հարցերով, ինչպես նաև Կառավարության ծրագրերը խորհրդի անդամների միջոցով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած ազգաբնակչությանն իրազեկելու և ճիշտ ուղղորդելու նպատակով։
Խորհրդի անդամների միջոցով կհավաքագրվեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հուզող խնդիրները, հարցերը, որոնք կընդգրկվեն խորհրդի նիստերի օրակարգում և լուծումներ կգտնեն։
Խորհրդի կազմում ընդգրկվել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը և ԼՂ-ից բռնի տեղահանված այն հայերը, որոնց առաջադրել են Երևանի քաղաքապետը և ՀՀ մարզպետները՝ ՀՀ համայնքապետների հետ սերտ համագործակցությամբ։