ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:
Այն միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմանը՝ ի թիվս այլնի նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախների իրականացմանը:
Ոլորտները կարգավորող օրենսդրության արդի վիճակը և փոփոխման անհրաժեշտությունը
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտները կարգավորող գործող օրենքները ընդունվել են շուրջ երկու տասնամյակ առաջ, և դրանց ընդունման պահից ի վեր բարձրագույն կրթության և գիտության համակարգերում իրականացվել են կարևոր կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ, այդ թվում՝ միջազգային կրթական և գիտական լայն համագործակցային ձևաչափերին անդամակցության արդյունքում, որոնց իրականացման ամբողջականությունն ու արդյունավետությունն անհնար է ապահովել օրենսդրական կարգավորումների բացակայության կամ անբավարարության պայմաններում։
Միևնույն ժամանակ գիտության ոլորտում 2021 թվականից իրականացվող պետական քաղաքականությունը և ֆինանսավորման կտրուկ ավելացումը առաջ են բերել նաև օրենսդրական մակարդակի փոփոխությունների կարիք ինչպես ավելացվող ֆինանսավորման առավել արդյունավետ կառավարման տեսանկյունից, այնպես էլ դրա առավել թիրախային ուղղորդման իմաստով:
Բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական փոփոխությունները միտված են ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանը և որակի պետական հսկողության բարձր չափանիշների սահմանմանը, ինչը կնպաստի մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացմանը: Միևնույն ժամանակ վերանայվում են ոլորտի ֆինանսավորման մեխանիզմները և ուսանողներին տրամադրվող պետական աջակցության տրամաբանությունը:
Օրենքի նախագծով նաև ստեղծվելու են իրավական հիմքեր պետական բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ ինտեգրման համար` ապահովելով նոր ստեղծվող բուհերում կառավարման մասնակցային մեխանիզմներ:
Օրենքի նախագծի հիմնական նպատակները և ակնկալվող արդյունքները
Այսպիսով, նոր օրենքի նախագիծը նպատակ ունի վերացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտին առնչվող առանցքային օրենսդրական բացերն ու անհամապատասխանությունները, ինչպես նաև ապահովել ոլորտների համաչափ և համընթաց զարգացմանն ուղղված քաղաքականության ձևավորման և իրականացման հետևյալ հիմքերն ու պայմանները.
-
աջակցություն բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մրցունակ և դիմակայուն համակարգերի ձևավորմանը, կրթության որակի շարունակական բարելավմանը և ժամանակի պահանջներին համահունչ կրթության կազմակերպմանը.
-
բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ներգրավված դերակատարների ակադեմիական ազատությունների և ինքնավարության երաշխավորում.
-
ակադեմիական քաղաքի կառուցման և զարգացման իրագործում.
-
բուհական և գիտական համակարգում շարժունության ապահովում, այդ թվում նաև ժամանակակից և համադրելի ընթացակարգերի սահմանմամբ.
-
լավագույն կրթության, կրթական փորձառության, հետազոտական և փորձարարական առավել մրցունակ պայմանների երաշխավորում և վերահսկողություն, ինչպես նաև նոր գիտելիքի ստացմանը նպաստող միջավայրի ձևավորում.
-
աշխատանքի շուկայում ռելևանտության, նորարարական պոտենցիալի մաքսիմալ դրսևորման և տնտեսական առավելագույն ազդեցությանը նպաստում.
-
հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման մեխանիզմների ներդրում և սերնդափոխության արդյունավետ գործիքակազմի կիրառում.
-
բարձրագույն կրթության ու գիտության համակարգի՝ միջազգային բարձր չափանիշների համապատասխանության ապահովում,
-
բարձրագույն կրթության և գիտության ոլորտի հաստատությունների մրցունակության բարձրացում, դրանց արդյունավետ փոխգործակցություն և վերջիններիս հանդեպ միասնական մոտեցումների և սկզբունքների կիրառում,
-
բուհ-հետազոտություն-տնտեսություն բնականոն կապի ամրապնդմանն աջակցություն,
-
բուհերի ինքնակառավարման՝ սահմանադրական պահանջից բխող հետագա զարգացման ապահովման նպատակով նրանց ինքնավարության, ակադեմիական ազատությունների, հաշվետվողականության և ֆինանսավորման անհրաժեշտ լիարժեք մեխանիզմների ներդրմանն աջակցություն։
Օրենքի նախագծով սահմանված հիմնական փոփոխությունները՝
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով սահմանվում են՝
-
բարձրագույն կրթության և գիտության համակարգի բարեփոխման արդյունքում նոր իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ ակադեմիական քաղաքին և գիտական փորձաքննությանը վերաբերող հարաբերությունները.
-
Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությանը վերաբերող կարգավորումները.
-
դրույթներ, որոնք միտված են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ, բուհերի կազմում ընդգրկվելու, համագործակցության և աստիճանական ինտեգրման, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու իրավական հիմքեր ստեղծելուն՝ ապահովելու որակյալ բարձրագույն կրթություն և հետազոտական արդյունքներ.
-
բուհերի և գիտական կազմակերպությունների պետական աջակցության նոր մեխանիզմներ, ներառյալ՝ ինստիտուցիոնալ (բազային) և մրցակցային ֆինանսավորումը.
-
բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը՝ բակալավրի, մագիստրոսի և դոկտորի (PhD) որակավորումների շնորհմամբ.
-
բարձրագույն կրթական ծրագրերի՝ լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևով.
-
բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարման բարելավված մոդելների ներդրում՝ ներառելով էթիկայի կոմիտեի ձևավորում.
-
իրավական հիմքեր՝ երկու և ավելի բուհերի (այդ թվում նաև՝ միջազգային) համատեղ կրթական ծրագրերի իրականացման և միջազգային կրթական միջավայրի զարգացման համար.
-
բուհերի լիցենզավորման և հավատարմագրման նոր պահանջներ՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան.
-
ուսանողների իրավունքների և պարտականությունների շրջանակ, ուսանողական ինքնակառավարման մարմինների իրավասություններ:
Ի գիտություն օրենքի նախագծի շահառուների
Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7684 կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (էլ. հասցե՝ [email protected]):
Նախագծի վերաբերյալ հանրային լսումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրներ 22, Երևան)։
Տեղեկացնում ենք նաև, որ հաջորդիվ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կհրապարակվեն հավելյալ իրազեկող բնույթի տեղեկատվական նյութեր՝ օրենքի շահառու խմբերից յուրաքանչյուրի (ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ, բուհեր և գիտական կազմակերպություններ) ոլորտներում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ: