Այս երկու օրերի ընթացքում քննարկվել են Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկման ձևաչափով հրավիրված հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-18-ը՝ Ծաղկաձորում, հայտնում են ԱԺ-ից:
Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ զեկույցի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են: Նա նշել է, որ քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքներին վերաբերող օրենքին, որը ներկայացվելու է ԱԺ ազգային փոքրամասնությունների խնդիրներին առնչվող մարտահրավերներին և առաջարկվող լուծումներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներին ու այդ ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին:
Հանդիպման մասնակիցները քննարկել են Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում մեր երկրին տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Բանախոս Տաթևիկ Ղարիբյանը նշել է, որ օրենսդրական բարելավումներ կան, մասնավորապես, ընտանեկան բռնության, երեխայի իրավունքների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի մասերով: Ըստ նրա՝ դեռ անելիքներ կան իրազեկումների, իրավագիտակցության բարձրացման, ռեսուրսների ավելացման հետ կապված հարցերում:
Քննարկումներ են ծավալվել նաև «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից իրականացման վերաբերյալ ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ 6 բանաձևի կատարմանն ուղղված միջոցառումների շուրջ: Փորձագետ Արա Ղազարյանը նշել է, որ մայիսից արդյունավետ աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենքի նախագծի բարելավման ուղղությամբ, որի վերաբերյալ կա Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Անդրադարձ է կատարվել նաև վերադարձի իրավունքի բաղադրիչին:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է ՀՊԴ շրջանակում խորհրդարանի և գործադիրի միջև աշխատանքների կազմակերպման միջազգային փորձը: Կարծիքներ են հնչել առավել խնդրահարույց հարցերի վերաբերյալ:
Քննարկումներին մասնակցել են պատգամավորներ, գործադիր իշխանության և քաղհասարակության ներկայացուցիչներ: