Մինչև վերջերս սոցիալ-հոգեբանական մակարդակում ընդհանուր ընկալումը եղել է հետևյալը, որ ՀՀ-ն գործիք է կամ ֆորպոստ է, կամ հենարան է, որպեսզի մենք ավելի մեծ երկիր, ավելի մեծ հայրենիք ունենանք, ընդհուպ մեր պատմական արդարությունը հաստատենք, պատմական վրեժ լուծենք: Կա երկրորդ հայեցակարգը, որի իմաստը հետևյալն է՝ ՀՀ-ն սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու գործիք է միջազգայնորեն ճանաչված տարածքում: Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջինը պատմական Հայաստանի հայեցակարգն է, երկրորդը՝ իրական Հայաստանի:
«ՀՀ Կառավարությունը եկել է այն եզրակացության, որ իրական Հայաստանի տեսլականն է, որը կարող է ապահովել ՀՀ անվտանգությունը, որովհետև հակառակը նշանակում է, որ մենք ՀՀ-ն դնում ենք այն պատմական ցիկլի մեջ, որի ելքն ախուսափելի է՝ ՀՀ պետականության կորուստ:
Հետևաբար իմ ուղերձն այն է, որ Հայաստանի Կառավարությունը որդեգրել է իրական Հայաստանի հայեցակարգը, ընդ որում՝ դա չի որդեգրել որպես խաղ, չի որդեգրել որպես խորամանկություն, այլ որդեգրել է որպես ՀՀ-ի հարատևության համար անհրաժեշտ նախապայման: Եվ ես ուզում եմ ասել, համոզմունք հայտնել, որ ՀՀ ժողովուրդը պաշտպանում է այդ տեսլականը»,- ասաց Փաշինյանը: