Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է իր նոր թիմի անդամներին։ Եվրահանձնակատարներն իրենց պարտականությունները պետք է կատարեն հինգ տարի՝ մինչև հաջորդ ընտրությունը։
Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում ֆոն դեր Լայենը եվրոպացի հանձնակատարների նոր խորհուրդն անվանել է «ավելի կոմպակտ» և «ինտերակտիվ»:
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ նա ընտրել է տարբեր սերունդների ներկայացուցիչներ, կյանքի տարբեր խավերից, տարբեր փորձառություններով: «Բայց նրանք բոլորն ունեն մեկ ընդհանուր նպատակ ՝ Եվրոպան ավելի ուժեղ դարձնելը»,-ասել է ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, որը պատասխանատու է ԵՄ բարգավաճման և արդյունաբերական ռազմավարության համար, նա առաջարկել է Ֆրանսիայի ներկայացուցիչ, գործող ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեին։
«Ստեֆան Սեժուրնեն կնշանակվի Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, որը պատասխանատու է ԵՄ-ի բարգավաճման և արդյունաբերական ռազմավարության համար: Նա կղեկավարի աշխատանքները՝ ստեղծելու պայմաններ ՓՄՁ-ների բարգավաճման, ներդրումների և նորարարության, տնտեսական կայունության, առևտրային և տնտեսական անվտանգության համար»,- նշել է ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։
Ըստ Euractiv կայքի, Ստեֆան Սեժուրնեի առաջադրումը Եվրահանձնաժողով է բերում Մակրոնի առանցքային դաշնակցին: Իսկ դա նշանակում է, որ Ֆրանսիայի նախագահը շարունակելու է ներգրավված լինել ԵՄ գործերում: