Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը Հայաստանի անկախության հռչակման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) փոխտնօրեն Իսոբել Քոլեմանը։
«Ամերիկան հպարտ է, որ մեր հայ ընկերների կողքին է այս տոնակատարության օրը։ Երկրի պատմության ընթացքում հայ ժողովուրդը ցուցաբերել է նշանակալի տոկունություն և ուժ՝ հաղթահարելով զգալի խոչընդոտներ՝ ապրելու խաղաղության մեջ, ժողովրդավարության պայմաններում, իր տնտեսական հնարավորություններով, որոնք անհրաժեշտ են՝ կառուցելու իրենց ուզած ապագան։
Այսօր Հայաստանը վստահորեն առաջ է շարժվում այդ նպատակների լիարժեք իրականացման ուղղությամբ, իսկ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել հայ ժողովրդին այդ հարցում»,- ասել է Քոլեմանը:
Նա նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է Հայաստանի հետ անկախության ձեռքբերումից ի վեր, իսկ 2018 թվականից գործակալությունն ավելի քան կրկնապատկել է տարեկան աջակցությունը Հայաստանին։
Իր ելույթում Իսոբել Քոլեմանը անդրադարձել է նաև տարածաշրջանում Հայաստանի դերին և Ադրբեջանի հետ հարաբերություններին:
«Ես ողջունում եմ Հայաստանի կառավարության ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման ուղղությամբ, ինչը կարող է վերջ դնել տասնամյակ տևած հակամարտությանը և նպաստել ապագա սերունդների համար ավելի խաղաղ և բարգավաճ տարածաշրջանի ստեղծմանը: Նայելով ապագային ՝ Հայաստանը շարունակում է դիմակայել Ռուսաստանի ճնշումներին, որը ձգտում է սահմանափակել Հայաստանի ընտրությունը և պահել նրան խորհրդային ժամանակաշրջանի տնտեսական ու էներգետիկ հարաբերությունների շրջանակում։ Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու նրա ժողովուրդը պետք է հնարավորություն ունենան ընտրելու իրենց սեփական ուղին, և մենք գնահատում ենք Հայաստանի վճռականությունը՝ սեփական պայմաններով շարժվելու դեպի ավելի մեծ ազատություն և բարգավաճում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը և ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերն ամեն ինչ անում են այդ կարևոր առաջընթացին աջակցելու համար՝ ներառյալ ի աջակցություն Հայաստանի, ԵՄ-ի հետ պատմական եռակողմ հանդիպումը և , պաշտոնական ռազմավարական գործընկերության միջոցով Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը:
«Մեր հարաբերությունները թևակոխում են ավելի լայն և խոր համագործակցության նոր դարաշրջան, և Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանին աջակցելու հանձնառությանը, որպեսզի նա կարողանա առաջ շարժվել իր ընտրած ճանապարհով: Անկախության օրը կարևոր հանգրվան է Հայաստանի պատմության մեջ: Բայց մենք գիտենք, որ անկախությունը շարունակական ուղի է, որի մեջ հայ ժողովուրդը շարունակում է մուտք գործել ամեն օր՝ ձգտելով խաղաղության և ազատության, նույնիսկ դիմակայելով այն ուժերին, որոնք ձգտում են սահմանափակել նրա հնարավորությունները՝ հարկադրանքի և վերահսկողության միջոցով»,-ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրենը: