ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը բրիտանական LBC ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի երկրներից մատակարարվող զենքերը Ռուսաստանի խորքերը հարվածելու համար օգտագործելու թույլտվությունը, դաշինքի անդամները պետք է ինքնուրույն կայացնեն։ Միաժամանակ նա կարևոր է համարել, որ միասին խորհրդակցեն այդ հարցերի շուրջ:
Շաբաթ օրը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը հայտարարել էր, որ Կիևի կողմից Ռուսաստանին հարվածելու համար Արևմուտքից մատակարարվող զենքի կիրառման հարցը քաղաքական է, ոչ թե ռազմական:
Բաուերը բացատրել է, որ «զուտ ռազմական տեսանկյունից» ինքը նման հարվածները ճիշտ է համարում։ «Սակայն, մյուս կողմից, երկրներն իրավունք ունեն սահմանափակումներ կիրառել փոխանցված զենքի կիրառման նկատմամբ»,- հավելել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ոչ թե պարզապես քննարկում են Կիևի կողմից արևմտյան հեռահար սպառազինությունների հնարավոր օգտագործումը, այլ, ըստ էության, որոշում են ուկրաինական հակամարտության մեջ ուղղակիորեն ներգրավվածության հարցը: Պուտինի խոսքով ՝ հակամարտությանն Արևմուտքի երկրների անմիջական մասնակցության դեպքում, Ռուսաստանը ստիպված կլինի որոշումներ կայացնել՝ հիմք ընդունելով դրա հետևանքով ստեղծված սպառնալիքները: