ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վրաստանում զարգացումներին:
Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ իշխանությունները մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների ցուցակում ներառել են Վրաստանի չորս քաղաքացու:
«Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում վրացի երկու պաշտոնյայի և ծայրահեղական խմբավորումների երկու առաջնորդի նկատմամբ»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը, որպես այս պատժամիջոցների փաթեթի մաս, նաև վիզային սահմանափակումներ է մտցնում ավելի քան 60 ֆիզիկական անձանց նկատմամբ՝ մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի կամ հակաժողովրդավարական այլ գործունեություն իրականացնելու համար: Պետքարտուղարության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե ովքեր են այդ մարդիկ։
Միլլերն ընդգծել է, որ նման գործողությունները հակասում են ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ նորմերին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հույս ունի, որ Վրաստանի իշխանությունները «կվերադառնան այն ուղուն, որը ցանկանում են տեսնել երկրի քաղաքացիները»։
«Վրաստանի կառավարությունը կարող է վերահաստատել հավատարմությունը եվրատլանտյան ուղուն, անցկացնել արդար ընտրություններ և չեղարկել հակաժողովրդավարական օրենքները»,-ասել է պետքարտուղարության խոսնակը: