Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարություն է արել, որը վերաբերում է երկրի միջուկային ծրագրին և հութիներին հրթիռներով զինելուն:
Փեզեշքիանը հայտարարել է, որ իր երկիրը միջուկային ծրագիր կմշակի միայն գիտական և տեխնիկական նպատակներով, այլ ոչ թե միջուկային զենք ստեղծելու համար՝ հայտնում է Associated Press-ը։
«Մենք ցանկանում ենք ապահովել մեր տեխնիկական և գիտական կարիքները և միջուկային զենք ստեղծելու ուղիներ չենք փնտրում»,- ասել է Իրանի նախագահը։
Միաժամանակ նա մատնանշել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվի իր հրթիռային ծրագրից, քանի որ դա անհրաժեշտ է տարածաշրջանի մյուս ուժերին զսպելու համար։
Փեզեշքիանն անդրադարձել է նաև Եմենի հութի ապստամբներին հրթիռներ մատակարարելու թեմային և կտրականապես հերքել է այն պնդումները, թե Իրանը հութիներին գերձայնային հրթիռ է տրամադրել Թել Ավիվի վրա հարձակվելու համար: Փեզեշքիանի խոսքով՝ «Եմենցիներն ի վիճակի են սեփական զենք ստեղծել»:
Իրանի նախագահը, միևնույն ժամանակ, քննադատել է Իսրայելի «ցեղասպանական պատերազմը» Գազայի հատվածում և դատապարտել իսրայելական բանակը՝ «անկլավի դպրոցներն ու հիվանդանոցները ռմբակոծելու համար»։