Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի քրեական և բանտային բարեփոխումների ոլորտի միջտարածաշրջանային խորհրդական Ֆիլիպ Մեյսներին ու հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության աշխատակից Վերա Տկաչենկոյին։
Հանդիպման նպատակն էր կազմակերպել կարիքների գնահատման առաքելություն քրեակատարողական ոլորտում։
Ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ընդհանուր վիճակը, իրականացված բարեփոխումները, աշխատանքային առանձնահատկություններն ու առաջնահերթությունները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել հիմնարկներում իրականացված շինվերանորոգման աշխատանքներին, քրեակատարողական ծառայողների վերապատրաստման ծրագրերին ու ատեստավորման նոր կարգին։ Ներկայացվել է նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման և պատժի կատարման անհատական մոտեցում ապահովելու, ազատազրկված անձանց մոտ դրական վարքագիծ ձևավորելու համար ԵԽ-ի աջակցությամբ ստեղծված ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը։
Ի թիվս նախատեսվող բարեփոխումների՝ Ամբակում Գրիգորյանը նշել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը, որի իրականացման արդյունքում կփակվեն գործող մի քանի քրեակատարողական հիմնարկներ։ Առաջնահերթ կարիքների թվում Ծառայության պետն առանձնացրել է քրեակատարողական հիմնարկների պահպանության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունը։
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն առաջացնող մի շարք այլ հարցեր, հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, պատվիրակության անդամներին տրվել են սպառիչ պատասխաններ։
Հանդիպմանը ներկա են եղել Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, կենտրոնական մարմնի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ։
Նախատեսվում է նաև պատվիրակության այցը «Աբովյան», «Նուբարաշեն», «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում գնահատելու հիմնարկների առկա կարիքները։