Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին։
Քննարկվել են ջրամատակարարման, հեղեղատար, կոյուղատար համակարգերի հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Անդրադարձ է եղել Երևանում ջրամատակարարման նոր ծավալների ապահովման հիմնախնդրին:
Եղիազար Վարդանյանը կարևորել է դիտարկվող հարցերի վերաբերյալ կառուցապատողների մոտեցումները՝ ընդգծելով, որ նրանց առաջարկները և նախնական ուսումնասիրությունների արդյունքներն օգտակար կլինեն առաջիկայում շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ խնդիրների համատեղ քննարկման ժամանակ։
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը ներկայացրել է հիմնախնդիրների լուծման նպատակով ասոցիացիայի կողմից առաջարկվող տարբերակները, որոնք քննարկվել են նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ։ Նա նշել է, որ ասոցիացիան պատրաստ է կատարել ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ բյուջեի, ժամանակացույցի և անհրաժեշտ այլ պայմանների վերաբերյալ վերլուծություն։
Հանդիպման մասնակիցները կարևորել են շահագրգիռ բոլոր կողմերի համագործակցությունը՝ խնդիրների հավաքագրման, վերլուծության, անհրաժեշտ քայլերի մշակման և իրագործման հարցում։