Սեպտեմբերի 17-ին Վիեննայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ավստրիական կողմից՝ Ավստրիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն, Երկկողմ հարաբերությունների և ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության հարցերի գլխավոր տնօրեն Գրեգոր Քյոսլերը:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ավստրիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
Կողմերն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, կրթության, մշակույթի, գիտության և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարներին, ինչպես նաև զարգացման քաղաքականության և հումանիտար ոլորտներում առկա ընթացիկ ծրագրերին։
Խորհրդակցություններին քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր։
Նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանազատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացների վերջին զարգացումներին: