Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ընդունել է UNODC-ի և Վիեննայում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության պատվիրակությանը։
Հանդիպումը նպատակ ուներ կազմակերպել կարիքների գնահատման առաքելություն քրեակատարողական և պրոբացիոն տարածքներում՝ քննարկելու ձեռք բերված առաջընթացը և բարելավումների ոլորտները մարդու իրավունքների վրա հիմնված, անվտանգ և վերականգնողական միջավայր ստեղծելու ուղղությամբ:
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ քննարկման շրջանակներում Լևոն Բալյանը նշել է, որ ներկայումս ընթացող դատաիրավական բարեփոխումների համատեքստում առանձնահատուկ նշանակություն է տրվում պատիժ կրող անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը, ինչպես նաև նրանց համար երաշխիքների ստեղծմանը։ Նախարարի տեղակալը, ներկայացնելով պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում Արդարադատության նախարարության կողմից իրականացված բարեփոխումները, ընդգծել է, որ Քրեական արդարադատության ոլորտում ՀՀ կառավարությունը որդեգրել է նոր մոտեցում, այն է՝ պատժողական քաղաքականությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատություն։ Նախարարի տեղակալը Արդարադատության նախարարության առաջնահերթությունների շարքում ներակայացրել է օրենսդրական դաշտի կատարելագործումը, ՔԿՀ-ների և պրոբացիայի ենթակառուցվածքների ու տարածքների արդիականացում եվրոպական չափանիշներին համապատասխանությունը, համակարգերի էլեկտրոնային կառավարման նոր կառուցակարգերի ներդրումն ու անվտանգության ապահովման համակարգի բարելավումը։
UNODC-ի միջտարածաշրջանային խորհրդական Ֆիլիպ Մայսները շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել հատկապես նախարարության կողմից իրականացված կրկնահանցագործությունների նվազեցմանն ուղղված աշխատանքները։ UNODC-ի հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության աշխատակից Վերա Տկաչենկոն հատկապես կարևորել է Հայաստանի քաղաքական կամքն ու պատրաստակամությունը ոլորտային խնդիրների լուծման տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում միջազգային գործընկերները հղել են իրենց հուզող հարցերն ու ստացել պատասխաններ։
Հանդիպմանը ներկա էին նաև ՔԿԾ պետի տեղակալ Սահակ Գրիգորյանը, Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Արտակ Սարգսյանը, Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն Հայկ Սանոյանը, Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Գուրգեն Աֆրիկյանը և ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի վարիչ Դավիթ Մանուկյանը։