Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2024 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 00:45-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է նույն թաղամասի 26-ամյա բնակիչ Մ.Խ.-ի դին՝ հրազենային վնասվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողություններով պարզվել էին քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից չորսի ինքնությունը, որոնցից մեկը Ս.Հ.-ն է, մյուսները վերջինիս ընկերները՝ Հ.Մ.-ն, Ն.Ա.-ն և Է.Մ.-ն:
Դեպքի վայրի զննությամբ սուպերմարկետի առջևի հատվածում հայտնաբերվել էին պարկուճներ և գնդակներ, տուժողի դիակի արտաքին զննությամբ՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներ, իսկ ձախ ձեռքում՝ գազային ատրճանակ, առգրավվել էին դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, հարցաքննվել էին մի շարք անձինք, կատարվել խուզարկություններ, նշանակվել էին դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։
Քննությամբ պարզվել էր, որ երիտասարդը սպանվել է մի խումբ անձանց կողմից, ովքեր, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, զինված են եղել ատրճանակով և ինքնաձիգով, իսկ դեպքի վայրում գտնված և ակտիվ դերակատարում ունեցող մի խումբ անձինք՝ կացնով և մահակներով։
Ձեռք բերված փաստերի համադրությամբ որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական վարույթներ նախաձեռնելու մասին, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել էին վերոհիշյալ քրեական վարույթին:
Ձեռնարկված ապացուցողական գործողություններով պարզվել էր, որ միջադեպի պատճառ է հանդիսացել նշված թաղամասի անչափահաս, 2006թ. ծնված բնակչի կողմից հորը՝ Ս.Հ.-ին պատկանող Լադա 21114 մակնիշի ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ նույն թաղամասի մեկ այլ բնակչի՝ Մ.Խ.-ի կողմից դիտողության արժանանալը, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել էր հորը, ով իր հերթին տեղի ունեցածի մասին տեղեկացրել էր ընկերոջը՝ Ն.Ա.-ին:
Վերջինս, տեղեկանալով նշված չնչին առիթն օգտագործելով, խուլիգանական դրդումներով Մ.Խ.-ին կյանքից ապօրինի զրկելու՝ Ս.Հ.-ի մտադրության մասին, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, իրենց մյուս ընկերոջ՝ Հ.Մ.-ի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, հրազեններով զինված, գնացել էին Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտակա հատված, որտեղ նշված պատրվակով միմյանց հետ նախապես հանդիպել էին մի կողմից Ս.Հ.-ն և վերջինիս ընկերներից Է.Մ.-ն, մյուս կողմից՝ Մ.Խ.-ն:
Հասնելով դեպքի վայր՝ Ն.Ա.-ն և Հ.Մ.-ն, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, մի խումբ անձանց հետ դարանակալել էին՝ սպասելով նպաստավոր պահի:
Տեսնելով, որ հանդիպման ընթացքում Ս.Հ.-ն ձեռքով հարվածում է Մ.Խ.-ի դեմքին՝ Հ.Մ.-ն անմիջապես միջամտել էր վիճաբանությանը և ատրճանակով կրակոցներ արձակել Մ.Խ.-ի ուղղությամբ, ում միացել էր Ն.Ա.-ն՝ ինքնաձիգով բազմաթիվ կրակոցներ արձակելով Մ.Խ.-ի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ապօրինաբար վերջինիս զրկելով կյանքից։
Քրեական վարույթի ընթացքում կատարված քննչական ու վարութային գործողությունների արդյունքում հավաքված փաստական տվյալների հիման վրա ավելի վաղ երկու անձի մեղադրանքներ էին ներկայացվել․ Ս.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով, իսկ վերջինիս ընկերներից Ն.Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններս կալանավորվել էին:
Հ.Մ.-ի և Է․Մ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Նախաքննության ընթացքում Է․Մ-ն հայտնաբերվել է, վերջինիս ներկայացվել է մեղադրանք, և նա ևս կալանավորվել է։
Հետագա նախաքննության ընթացքում պարզվել է նաև միջադեպին մասնակից ևս երեք անձի ինքնությունը: Որոշում է կայացվել վերջիններիս ձերբակալելու մասին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանցից մեկը՝ Պ.Վ.-ն, ձերբակալվել է։ Վերջինիս ներկայացվել է մեղադրանք և միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, սակայն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Մյուս երկու անձանց նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում և հայտարարվել հետախուզում։
Նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: Այդ նպատակով Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է։
Այսպիսով, երիտասարդի սպանության վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 3-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը, 3 անձ հետախուզվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: