Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի առաջին տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտական համայնքի ներկայացուցիչներ:
«Իմ Քայլը հիմնադրամը Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրն իրականացնում է 2022 թվականից: Ակնկալիքը՝ քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի բնագավառում առաջատար գիտելիքներով օժտված մասնագետների առկայությունն է, որոնք կինտեգրվեն միջազգային գիտական համայնքում, կդառնան բարձրորակ մասնագետներ և Հայաստանը կվերածեն տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի: Կրթական ծրագրի ավարտին ուսանողները ստանում են մագիստրոսի գիտական աստիճան և դիպլոմ, որը լիցենզավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից:
«Մենք այսօր հավաքվել ենք նշելու մեր հաջողություններից մեկը՝ 1.5 տարի առաջ մեկնարկած «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» մագիստրոսական ծրագրի առաջին փուլի ավարտը և մեր առաջին խմբի շրջանավարտների դիպլոմների հանձման արարողությունը»,- բացման խոսքում նշել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը:
Հայաստանի զարգացման կարևորագույն հիմնասյունը մարդն է, որն ապրում ու ստեղծագործում է ՀՀ-ում, և համահայկական ողջ ներուժը, որը համախմբված կլինի Հայաստանի պետականության և դրա ուժեղացման գաղափարի շուրջ՝ իր ելույթի սկզբում ասել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Մեր ծրագրերից մեկը Quanta-ն էր, որը գալիս էր առաջարկելու ուսանողներին նոր հնարավորություններ՝ ապագայի տեխնոլոգիաների ոլորտում: Ես կդժվարանամ ներկաներից ավելի լավ նկարագրել, թե որքան կարևոր են քվանտային տեխնոլոգիաները, համակարգիչները, ներկայի և ապագայի տեխնոլոգիաները մեր կյանքում: Մենք ապավինում ենք մարդու նորարար մտքին և համարում ենք, որ այս տարիների աշխատանքը մեծ ներդրում է ձեր ապագայում, մեծ ներդրում է ձեր մասնագիտության մեջ, որովհետև մասնագիտական բարձր գիտելիքներ ու կարողություններ ունեցող մարդն է, որը կերտելու է Հայաստանի ապագան»,- ընդգծել է ՀՀ ԲՏԱ նախարար, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Ոլորտի առաջատար մասնագետները մինչև ծրագրի մեկնարկը կարևոր հարց էին քննարկում, լուծում փնտրում՝ ի՞նչ անել, որ երիտասարդ գիտնականները ոչ թե հեռանան Հայաստանից, այլ մնան Հայաստանում, և հակառակը, նրանց կրթելու համար աշխարհի տարբեր ծայրերից անվանի պրոֆեսորներ գան և դասավանդեն նրանց այստեղ՝ Հայաստանում, ծրագրի գաղափարի ձևավորման ընթացքն է ներկայացրել “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը: Հենց այդ ժամանակ էլ որոշել են հիմնել Quanta-ն, քանի որ գիտակցում էին՝ այսօր տեխնոլոգիական հեղափոխություն է տեղի ունենում, և դա քվանտային ֆիզիկան է:
«Նշեմ, որ այն ժամանակ, երբ ներկայացնում էինք մեր մտքերը, ստացանք առանձնահատուկ վերաբերմունք և ուշադրություն տիկին Աննա Հակոբյանից և շատ կարևոր էր, որ աջակցությունը կար ու ծրագիրը սկսեց իր աշխատանքը: Առաջին ընդունելությունը շատ հաջող եղավ: Մեր ուսանողները սկսեցին աշխատել գիտական թիմերի շրջանակներում և արդեն հաջողություններ կան՝ ամսագրերում տպագրված մի քանի աշխատանքներ, նոր ստարտափներ: Ընթացքը շատ հաջող է, և ես կարծում եմ, որ տարիներ հետո շոշափելի արդյունք կունենանք»,- մանրամասնել է Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը:
Շնորհավորական տեսաուղերձներ էին հղել Quanta ծրագրի հրավիրյալ դասախոսներ Դավիթ Բլաշկեն (Լեհաստանի Վրոցլավի համալսարան), Դմիտրի Ֆիրսովը (Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարան), ելույթներ են ունեցել ծրագրի հայաստանաբնակ դասախոսներ Արամ Պապոյանն ու Խաչատուր Ներկարարյանը, ընդգծել են ծրագրի կարևորությունն ու արդիականությունը: Հյուրերի շարքում էր նաև քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի հրավիրյալ դասախոս Կլոդ Լերուան (Բուրգունդիայի Ֆրանշ-Կոմտե համալսարան (Ֆրանսիա)):
Շնորհավորական խոսք է հղել ուսանողներին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Այն, որ այսօր Quanta-ի շրջանավարտներից շատերը զբաղվում են գիտությամբ և ունեն գրանցած հաջողություններ, խոսում է ծագրի հաջողած լինելու մասին՝ ընդծել է Ժաննա Անդրեասյանը:
«Դուք ցույց եք տալիս, թե ինչպես կարող են կրթական նման ծրագրերը ճանապարհ բացել հրաշալի երիտասարդների համար, որոնք բազում գաղափարներ, նախաձեռնություններ ունեն և մեր աջակցությունն է ընդամենը, որ օգնում է նրանց առաջ շարժվել: Հույս ունեմ, որ մենք տեսնելու ենք ձեր երազանքների իրականացումը, որոնք բերելու են մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը: Անձնապես ուրախ եմ, որ մեր շրջանավարտների շարքում այսքան աղջիկներ կան: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԲՏՃՄ կրթույթունը սեռ չի ճանաչում»,- եզրափակիչ խոսքում շեշտել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը կշարունակի գործել, երրորդ փուլն արդեն կիրականացվի ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի հետ համատեղ: