Թատերահամերգային կազմակերպությունների 2024-25 թվականների նոր թատերաշրջանի շրջանակում այսօր մեկնարկել է«Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որով ազդարարվել է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 19-րդ համերգաշրջանի բացումը:
Համերգին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Հայաստան ժամանած ֆրանկոֆոնիայի խաղերի կազմկոմիտեի պատվիրակության անդամները։
Մինչև հոկտեմբերի 28-ը շարունակվող այս փառատոնն արդեն 8-րդ անգամ համախմբում է դասական երաժշտության սիրահարներին՝ հայաստանյան հանդիսատեսին նվիրելով երաժշտական տոն:
Սեպտեմբերի 16-ի համերգին Սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ներկայացրել է դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ համաշխարհային դասականների կողքին ներկայացնելով նաև հայ հեղինակների ստեղծագործություններ:
Փառատոնի հինգ սիմֆոնիկ համերգներում ընդգրկված են ռուս և եվրոպացի կոմպոզիտորներ Կամիլ Սեն-Սանսի‚ Ֆելիքս Մենդելսոնի‚ Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Ռախմանինովի‚ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները, որոնց կողքին կհնչեն նաև հայ հեղինակների՝ Գրիգոր Եղիազարյանի‚ Ալեքսանդր Սպենդիարյանի‚ Էդվարդ Միրզոյանի‚ Տիգրան Մանսուրյանի‚ Էդուարդ Հայրապետյանի‚ Արմեն Սմբատյանի ստեղծագործությունները:
Այս տարի ևս փառատոնի ընթացքում երևանյան բեմ կբարձրանան հանրահայտ դաշնակահարներ Եկվոն Սունվուն‚ Հայկ Մելիքյանը‚ Նիկիտա Մնդոյանցը‚ թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը‚ ջութակահար Սթիվեն Ուորթսը: Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Նաբիլ Շեհատան‚ Լուիս Անդրադեն, Ռեմի Դյուրուն: