Ռուսաստանի Բելգորոդի մարզի առավոտյան գնդակոծության հետևանքով, նախնական տվյալով, տուժել է 8 մարդ: Այդ մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով ՝ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։
Նա տեղեկացրել է, որ հարվածների հետևանքով բռնկվել են մի առանձնատուն և ավելի քան 15 ավտոմեքենա, վնասվել են 21 բազմաբնակարան շենք, 4 մասնավոր տուն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Այն մտցվել է Կուրսկի մարզում իրավիճակի սրումից հետո։ Սահմանամերձ շրջաններում շարունակվում են մարտերը ռուսական և ուկրաինական զորքերի միջև, բնակավայրերում գրանցվում են անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումներ, պարբերաբար հնչում են հրթիռային վտանգի ազդանշաններ:
Ռուսական կողմի պաշտոնական տվյալով՝ Կուրսկի շրջանից տարհանվել է ավելի քան 130 հազար բնակիչ: