Ինչո՞ւ է Ադրբեջանն անհանգստացած: Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև Հայաստանի Կառավարությունը, ԶՈՒ-ն՝ իր ղեկավարությամբ, իրականացնում են լայնածավալ ծրագրեր մեր բոլորիս անվտանգության մակարդակը մեկ աստիճան և մի քանի աստիճան բարձրացնելու ուղղությամբ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանից հաճախ տարածվող ապատեղեկատվությանը, թե իբրև հայկական կողմը կրակ է բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
«Հիմա Ադրբեջանն անհանգստացած է, շատ բնական բան է, որովհետև Ադրբեջանը 90-ականների առաջին պատերազմի ընթացքում ունեցել է անհաջողություններ՝ պարտության տեսքով, հետո 44-օրյա պատերազմում արձանագրեց հաջողություններ՝ հաղթանակի տեսքով: Հիմա անհանգստությունն այն է, թե ապագայում ինչ է լինելու:
Բայց մեր խնդիրը մեր անվտանգությունը բարձրացնելն է նոր սպառազինությամբ, կրթված անձնակազմով և այն կառույցներով, որոնք մեզ ավելի վստահ կդարձնեն խաղաղության օրակարգին հասնելու համար»,- ասաց Քոչարյանը:
Դիտարկմանը, թե խոսվում է ադրբեջանական կողմում հավանական կուտակումների մասին, իսկ ռազմական փորձագետներն էլ հնարավոր են համարում նոյեմբերին ադրբեջանական կողմից գործողություններ, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Մենք էլ ենք անհանգստացած այն մեծ ծավալի սպառազինության ձեռքբերման հարցերով, որն Ադրբեջանն իրականացնում է, ընդ որում՝ տարբեր երկրներից, և եթե ժամանակին Հայաստանի նախկին իշխանությունները անհանգստացած լինեին, 44-օրյա պատերազմի ընթացքում մեր պահեստները կլինեին լիքը, զորակոչային ռեսուրսը կլիներ ավելի պատրաստված, և բավականին խնդիրների մենք պատրաստված կլինեինք և ոչ թե կկանգնեինք «բանկա-բութուլկեքի» հետևում»:
Անդրանիկ Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին էլ Հայաստանի սահմաններում իրականացվում են անվտանգային աշխատանքներ. «Այո՛, մենք անհանգստացած ենք, դրա համար էլ անում ենք այնպիսի ծրագրեր, որպեսզի կարողանանք կանխել նման ցանկացած ցանկություն»: