Թբիլիսիում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Իրակլի Կոբախիձեն ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը բոլոր ոլորտներում: Վրաստանի վարչապետը շեշտել է Հայաստանի հետ առևտրատնտեսական փոխգործակցության, բիզնես կապերի ընդլայնման և ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար` նշելով, որ փոխադարձ բարձր մակարդակի այցերի ինտենսիվ բնույթը վկայում է երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը` ընդլայնելու և ամրապնդելու բազմակողմ համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է բարեկամ Վրաստանի հետ ռազմավարական համագործակցությամբ և կարևորել տնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերի ուղղությամբ, ինչը կնպաստի նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
Վարչապետ Փաշինյանը Վրաստանի գործընկերոջը մանրամասներ է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև սահմանազատման գործընթացի վերաբերյալ:
Իրակլի Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը միտված քայլերը` ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման: Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ հայտնել է իր երկրի պատրաստակամությունը՝ նպաստելու երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը: