Անահիտ աստվածուհուն վերագրվող ցուցանմուշները 19-րդ դարի 70-ական թվականներին են հայտնաբերվել: Մի իտալացի հնավաճառի միջոցով դրանք հայտնվել են Բրիտանական թանգարանում: Թանգարանի կուրատորներից մեկին հաջողվել էր Բրիտանիայի այդ ժամանակվա վարչապետին համոզել, որ մոտ 20 հազար ֆունտ տրամադրի այն գնելու համար: Այդ ժամանակ կարծիք կար, որ հավաքածուն հունահռոմեական մշակույթի կարևոր գտածո է, և այն վերագրվում էր Աֆրոդիտեին: Սակայն այդ նույն ժամանակահատվածում հայ հետազոտողներից Ղևոնդ Ալիշանը, որը քաջատեղյակ էր, թե ինչպես են գտել նմուշները, համոզում էր, որ արձանի մյուս մասն էլ շարունակեն որոնել, բայց ժամանակի քաղաքական իրադարձությունները դա թույլ չտվեցին:
Այդ մասին պատմությունը Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրեց Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ապա պարզաբանեց, թե ինչու է կարևոր այս ցուցադրությունը Հայաստանի համար:
«Դեռ դասագրքերից սկսած՝ այս ցուցանմուշներն ասոցացվում են հենց Հին Հայաստանի հովանավոր աստվածուհու հետ, որը մեծ հեղինակություն է ունեցել»,- ասաց նա և հավելեց՝ Անահիտը ակտուալ է նաև մեր օրերում, և որ իզուր չէ, որ հայ կանանց, աղջիկների մեծ մասի անունը Անահիտ է: