Այսօր մեզ համար շատ խորհրդանշական օր է, որովհետև մեր Պատմության թանգարանում հնարավորություն ենք ունենում միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն բացել, և այդ համագործակցությունն իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պահպանված նմուշները Հայաստան տեղափոխելուն և ցուցադրություն կազմակերպելուն:
«Մեր պետականության զարգացման գործում կանայք ունեն առանձնահատուկ նշանակություն: Հուսով եմ՝ Անկախության օրը ցուցադրության բացումը հնարավոր կդարձնի այդ կարևոր խոսակցությունը»,- ասաց նախարարը և հույս հայտնեց, որ թանգարանի մոտ հերթեր կլինեն այս կարևոր ցուցադրությունը տեսնելու համար:
Նա նաև տեղեկացրեց, որ առանցքում Անահիտ աստվածուհու բրոզե արձանն է, բայց ցուցանմուշները մի քանիսն են լինելու, նաև հույս հայտնեց, որ սա կլինի հայաստանյան մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը:
Նշենք, որ Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշները՝ գլուխը և ձեռքը, կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: