ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գերմանական FAZ պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ափսոսում է մինչև 2022 թվականը ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ոչ բավարար օգնության համար:
«Ես ցավում եմ, որ ՆԱՏՕ-ի երկրները և ԱՄՆ-ն ավելին չեն արել, որպեսզի ավելի շուտ ամրացնեն Ուկրաինան: Մենք կարող էինք շատ ավելին անել», - ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ մինչև 2022 թվականը Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելն անիրատեսական խնդիր էր: Ստոլտենբերգի խոսքով՝ ԱՄՆ-ը երկար ժամանակ չէր ցանկանում հակատանկային հրթիռներ մատակարարել Ուկրաինային, որպեսզի չհրահրեր Ռուսաստանին։
«Այժմ մենք զինում ենք Ուկրաինային պատերազմի համար, այդ ժամանակ մենք կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար», - նշել է Ստոլտենբերգը։
Նա հավելել է, որ հնարավոր է համարում Ռուսաստանի հետ երկխոսությունը, սակայն հնարավոր երկխոսությունը պետք է վարվի պաշտպանության ամրապնդման և զսպման միջոցների հետ համատեղ: