Կանադան լիովին աջակցում է Ուկրաինային՝ օգտագործելու հեռահար սպառազինություն՝ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Նա ընդգծել է, որ դա կօգնի կանխել և արգելել ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքները շարունակաբար ոչնչացնելու՝ Ռուսաստանի կարողությունը: Թրյուդոն լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է խորապես ապակայունացնել միջազգային կանոնների վրա հիմնված կարգը և հավելել՝ այդ պատճառով էլ Կանադան պնդում է, որ Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Ուկրաինայի հարցով Անվտանգության խորհրդի նիստում ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրներն ուղիղ պատերազմ կսկսեն Ռուսաստանի հետ, եթե թույլ տան Ուկրաինային օգտագործել հեռահար զենք՝ ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար: Դիվանագետը նշել է, որ իրավիճակի նման զարգացումը հիմնովին կփոխի Մոսկվայի հարաբերություններն արևմտյան ճամբարի հետ: