Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հաղթի Ուկրաինայի հետ պատերազմում. այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ։
Կողմերը քննարկել են Ուկրաինային աջակցելու հետագա քայլերը՝ շեշտը դնելով այն հարցի վրա, թե արդյոք պետք է թույլ տալ արևմտյան հրթիռներ օգտագործել Ռուսաստանի թիրախները խոցելու համար:
The New York Times-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել է, որ ԱՄՆ-ն, ըստ երևույթին, պատրաստ է հավանություն տալ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի թիրախների դեմ հեռահար հրթիռների կիրառմանը, պայմանով, որ այդ զենքերը չլինեն Միացյալ Նահանգների կողմից տրամադրված:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրեր առաջ հայտարարել է, որ Արևմուտքն ուղղակիորեն կռվի դուրս կգա Ռուսաստանի դեմ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել Ռուսաստանի տարածքին արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով, ինչը, նրա խոսքով, կփոխի հակամարտության բնույթը: