Դիմորդներն արձագանքում են պետական քաղաքականությանը. ընդունելության բարձր արդյունքներ ՄԿՈՒ ոլորտում՝ այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՛: Նախարարի խոսքով՝ այս տարի բավական լավ արդյունքներ են գրանցվել ՄԿՈՒ հաստատությունների ընդունելության ցուցանիշներով:
«Այս հանգամանքը շատ ուրախացնող է. արհեստագործական կրթական ծրագրերով այս տարի ունենք 3862 ուսանող՝ նախորդ տարվա 3106-ի փոխարեն: Դրանք հիմնականում այն ուղղություններն են, որոնք նախորդ տարի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են որպես գերակայություն՝ կրթաթոշակի նոր չափ սահմանելով՝ ամսական 50 հազար դրամ: Դրանք արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտների մասնագիտություններն են: Արդեն երկրորդ տարվա ընդունելությունը ցույց է տալիս, որ դիմորդներն արձագանքում են այս քաղաքականությանը: Մենք մրցութային ընդունելություն ենք ունենում այն մասնագիտությունների գծով, որոնք պահանջված էին տնտեսության կողմից, սակայն տարիներ շարունակ նույնիսկ բավարար թվով դիմորդներ չէինք ունենում անվճար տեղերի համար»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը նաև տեղեկացրել է՝ ավելացել են միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսանողների ընդունելության արդյունքները. նախորդ տարի եղել է 10417, իսկ այս տարի՝ ավելի քան 11100 ուսանող: Այստեղ ևս ընդունելությունն ավելի մեծ արդյունքներ է գրանցում այն ուղղություններով, որոնցով կրթաթոշակի վերանայված քաղաքականություն է գործել:
«Այս նույն քաղաքականությունը նախորդ տարի ներդրեցինք նաև բարձրագույն կրթության համակարգում՝ բնագիտական կրթական ծրագրերով մանկավարժական համալսարաններում սովորող ուսանողների համար: Այստեղ էլ բակալավրում գրանցել ենք 3-4, իսկ մագիստրատուրայում՝ շուրջ 2,5 անգամ ավելի շատ ընդունելություն: Սա շատ ուրախացնող հանգամանք է: Բոլորովին վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ նաև ագրարային ոլորտի համար ենք սահմանել ամսական 70 հազար դրամ կրթաթոշակի հնարավորություն: Հուսով ենք՝ այս ոլորտում ևս կունենանք այն դրական ցուցանիշները, որոնք ՄԿՈՒ մակարդակում արդեն իսկ գրանցում ենք նախորդ տարվանից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: