Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ Հասմիկ Հակոբյանը և ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել են Կատարի Պետության պատվիրակության անդամ Ալ Մանայի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: Հայ պատվիրակները կատարցի գործընկերներին ներկայացրել են տարածաշրջանային զարգացումները և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Պատվիրակության ղեկավար Ալ Մանայն իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:
Երկու պետությունների խորհրդարանների միջև համագործակցության հուշագրի ստորագրման ընթացքն ինտենսիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: