Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանն ընդունել են Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Պարույր Հովհանիսյանը և Մարկո Շտուցին քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, ՏՏ, զբոսաշրջության, գիտության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:
Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը:
Կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականությունը: Վահան Կոստանյանի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:
Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում համագործակցությանը և դրանց շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին: