ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հանդիպել է տեղի ամենահայտնի ու ամենամեծ պետական հիմնադրամի՝ Soong Ching Ling-ի փոխտնօրեն Շեն Բեյլիին և հիմնադրամի ղեկավար կազմին։
Հայկական պատվիրակության կազմում էին ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
Շեն Բեյլին, ողջունելով Աննա Հակոբյանին և հայկական պատվիրակությանը, շեշտել է զարգացող հայ-չինական հարաբերությունները և հույս հայտնել, որ արդյունավետ ու նույն տեմպով զարգացող կլինի նաև այս հանդիպումն ու հետագա գործակցությունը։
Աննա Հակոբյանը նշել է, որ լինելով Ցինդաոյում և Պեկինում, նորովի է բացահայտել Չինաստանը։ Շարունակել է, որ Ցինդաոյում մի շարք կարևոր ու բովանդակային հանդիպումներ է ունեցել, շրջել տարբեր հաստատություններում, սակայն մեծ է եղել ցանկությունը հանդիպումների շարքում ունենալ նաև «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամին և նոր գործակցություն ստեղծելուն վերաբերող հանդիպում ևս։
«Ես ուզում եմ այս հանդիպումն օգտագործել ավելի գործնական նպատակով, որովհետև գուցե նման հնարավորություն մոտ ապագայում չլինի։ Ու քանի որ հայ-չինական հարաբերություններում շատ կարևոր են մարդկային հարաբերությունները, միմյանց ժողովուրդների միջև կապերի հաստատումը և մշակույթներն ավելի լավ ու ավելի խոր ճանաչելը, ես ուզում եմ առաջարկել, որ իմ ղեկավարած «Իմ Քայլը» հիմնադրամի և Soong Ching Ling հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր կնքենք, որի հիմքում դրված կլինի մարդկային շփումներ (people to people) կազմակերպելը և ապահովելը»,- ընդծել է Աննա Հակոբյանը։
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը գործընկերներին ներկայացրել է «Իմ Քայլը» բոլոր՝ «Քվանտա», «Հորիզոններ», «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում», «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրերը, մանրամասնել դրանց առաքելությունը և նպատակը, որոնց հիմաքում որակյալ կրթությունն է, տարբեր խմբերի աշխատունակության բարձրացումը, սկսնակ բիզնեսին խթանումը։ Թալին Թօփալաքեանը չինական կոմին է նաև ներկայացրել «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու «Իմ Քայլը» հիմնադրամի գաղափարը, որի վերջնական արդյունքը լինելու է հատուկ կարիքներ ունեցող անձնաց և ինտեգրումը, աշխատանքով ապահովումը։
«Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրենի կարճ հաշվետվությունից հետո իրենց գործունեությունն է ներկայացրել նաև Soong Ching Ling հիմնադրամի փոխտնօրեն Շեն Բեյլին։ Մանրամասնել, որ հիմնադրամը ստեղծվել է 1982-ին` Չինաստանի հանգուցյալ պատվավոր նախագահ Սուն Չին Լինի հիշատակին։ Հավելել է, որ Soong Ching Ling հիմնադրամն ավելի շատ վերցրել է երեխաներին կրթելու և զարգացնելու ուղղությունը, սակայն բարեգործական ծրագրեր ունեն ամենատարբեր ոլորտներում։
Կողմերը համաձայնել են, որ երկու հիմնադրամների գաղափարախոսությունում կան նմանություններ՝ հատկապես կրթական ու սոցիալական ծրագրերում։ Աննա Հակոբյանը ընդգծել է նաև փորձի փոխանակման կարևորությունը և հույս հայտնել, որ հետագայում հնարավոր կլինի «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուներին ուղարկել Չինաստան և հակառակը՝ փորձի փոխանակման ծրագրի շրջանակում։ Շեն Բեյլին ուրախությամբ ընդունել է Աննա Հակոբյանի առաջարկած՝ համագործակցության հուշագիր կնքելու գաղափարը։
«Մենք շատ ուրախ ենք, որ նման քննարկում ունեցանք, որը կհանգեցնի մեր երկու հիմնադրամների միջև գործակցության վերջնական համաձայնության: Առաջիկա քննարկումների ընթացքում մենք կարող ենք ուսումնասիրել գործակցության ոլորտները: Մենք նաև ողջունում ենք փորձի փոխանակման Ձեր առաջարկը և կարող ենք ցույց տալ Չինաստանում իրականացվող շատ նախագծեր, քանի որ մեր հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրկանացնում հատկապես հեռավոր շրջաններում։ Ուրախ կլինենք, եթե մենք էլ այցելենք Ձեր երկիր և ուսումնասիրենք նաև Ձեր երկրի փորձը, քանի որ, կարծում եմ, կլինեն այնպիսի ոլորտներ, որտեղ մենք միմյանցից սովորելու բաներ կունենանք»,-ընդգծել է Soong Ching Ling-ի փոխտնօրեն Շեն Բեյլին։
Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ երկու հիմնադրամների հաջորդ հանդիպումը, որը կլինի ավելի առարկայական, կանցկացվի Հայաստանում։
Հայկական պատվիրակությունն այնուհետև շրջել է Soong Ching Ling հիմնադրամի`«Երիտասարդների գիտական, տեխնոլոգիական և մշակութային փոխանակման» կենտրոնում, որտեղ աշխատակիցները ցուցադրել են իրենց բոլոր սրահները, սարքավորումները և տեխնոլոգիաները, որոնց միջոցով աշխատում են դպրոցահասակ երեխաների հետ, կրթում նրանց:
Soong Ching Ling հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Աննա Հակոբյանն այցելել է Պեկինում գտնվող «Արգելված քաղաք», որը հայտնի է նաև «Կայսերական քաղաք» անվամբ, շրջել տարածքում: «Արգելված քաղաքը» դարեր շարունակ եղել է Չինաստանի կայսրների նստավայրը: Կայսերական դղյակները կառուցվել են 14-րդ դարում, ինչից հետո այդտեղ կառավարել են 24 կայսրեր` Մին և Ցին դինաստիաներից: Տարածքում կա 12 դղյակ, տասնյակ այլ շինություններ: