Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է «Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունները:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին հրավիրել էր հանրային քննարկում հիշյալ նախագծերի լրամշակման նպատակով. այս նախագծերով կներդրվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը: Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիր և գործադիր մարմիններից, ոլորտով հետաքրքրված միջազգային և հասարակական կազմակերպություններից:
Կարևորելով շահագրգիռ՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը բարեփոխումներին վերաբերող ծրագրերին՝ հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ նման ձևաչափով քննարկումները կօգնեն դաշտի և օրենսդրական փոփոխությունների լավարկմանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը շնորհակալություն է հայտնել միջազգային և հասարակական կազմակերպություններին օրենսդրական բարեփոխումներն իրականացնելու ճանապարհին ցուցաբերած աջակցության համար: Խոսելով սոցիալական աջակցությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնության մասին՝ փոխնախարարը նշել է, որ նախաձեռնության նպատակն է բարձրացնել սոցիալական պաշտպանության և սոցիալական աջակցության ոլորտի դիմակայունությունը, փորձել լուծել արդյունավետ կառավարման և դերերի հստակեցման խնդիրները, ինչպես նաև առաջարկել «նոր դերակատարներ ծառայություններ»:
Մանրամասն ներկայացնելով օրենսդրական բարեփոխումները և տեղեկություններ նոր ներդրվող «անապահովության նպաստի» քաղաքականության մշակման վերաբերյալ՝ Աննա Ժամակոչյանը նշել է, որ անապահովության գնահատման գործընթացում նոր մոդելներ են որդեգրվել: Իրականացվելու է բոլոր եկամուտների հաշվառում, որը թույլ կտա ճիշտ գնահատել ընտանիքների իրական անապահովությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը պատասխանել է մասնակիցների հարցերին, դիտարկումներին, ներկայացրել պարզաբանումներ սոցիալական աջակցության բաղադրիչի, չափորոշիչների, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ: Մասնակիցները կարևորել են նման ձևաչափով քննարկումները, ողջունել առաջարկվող փոփոխությունները սոցիալական պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով, որ Կառավարության կողմից իրականացվող համալիր բարեփոխումներին զուգահեռ ոլորտում կարձանագրվեն զարգացում և առաջընթաց: