Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովի փակման արարողությանը և հանդես է եկել ելույթով:
«Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Օրենսդիր իշխանության հարգելի՛ ներկայացուցիչներ,
Միջխորհրդարանական միության հարգելի՛ նախագահ,
Համաժողովի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ողջունել ձեզ առաջին անգամ Հայաստանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների հոբելյանական՝ տասներորդ գլոբալ համաժողովի շրջանակներում: Ավարտին է մոտենում այս ներկայացուցչական միջոցառումը: Կարծում եմ, որ անցած երկու օրերի ընթացքում ունեցել եք հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ:
Այսօր Ձեզ եմ դիմում ոգեշնչվելով այն վճռականությամբ, որը ներկայացնում է ձեզանից յուրաքանչյուրը: Դուք` երիտասարդներդ, օժտված եք հզոր ներուժով՝ նպաստելու հասարակության առաջընթացին ու զարգացմանը: Որոշումների կայացմանը ձեր ներգրավվածությունը և առաջնորդելու վճռականությունը կարևոր են առաջադեմ, տոկուն և ներառական հասարակության ձևավորման գործում: Ձեր ձայնը, գաղափարներն ու հավակնոտությունն են ձևավորում մեր ապագան: Որպես երիտասարդ խորհրդարանականներ՝ դուք եզակի հնարավորություն ունեք մատաղ սերնդի ձգտումներն ամրագրելու օրենսդրական ձևաչափում: Այս տեսանկյունից հատկապես կարևորում եմ նման հարթակների առկայությունը, ինչը հնարավորություն է ստեղծում լիարժեք իրացնել առաջնորդության ձգտող երիտասարդների ներուժը: Դուք զգալի պատասխանատվություն եք կրում ձեր սերնդի կարիքներն ու ցանկություններն արտահայտելու գործում: Օգտագործեք այս պատասխանատվությունը խելամտորեն, խիզախորեն և, իհարկե, ազնվորեն:
Ներկա աշխարհում, որը նշանավորվում է աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների, տեխնոլոգիաների ու թվային վերաձևակերպումների, սոցիալ-տնտեսական շրջադարձերի, մարտահրավերների ու փորձությունների ներգործությամբ, փոխվում է նաև հասարակական հարաբերությունների դինամիկան և այս համատեքստում, երիտասարդությունը` որպես պետության առանցքային ներուժ, հստակ դերակատարություն ունի: Մարդկային ռեսուրսների որակից է կախված պետական կառավարման համակարգի արդյունավետությունն, ինչն իր հերթին հանգեցնում է տնտեսության բոլոր, այդ թվում սոցիալական ոլորտների արդյունավետության բարձրացմանը։
Կցանկանայի հատկապես կարևորել համաժողովի առանցքային թեմաները՝ կրթությունն ու զբաղվածությունը: Ձեզ եմ դիմում ոչ միայն որպես նախագահ, այլ որպես կրթության, ուսման և աշխատանքի հզոր, փոխակերպող ուժի ջատագով:
Այսօր կրթությունը նախորդ տարիների նման չունի սահմանափակ ռեսուրսներ և չի ճանաչում աշխարհագրական սահմաններ: Գլոբալացված և տեխնոլոգիական առաջընթացի ժամանակահատվածում երիտասարդ սերնդին հասանելի են ամենատարբեր ռեսուրսներ, անսահմանափակ հնարավորություններ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխության առանձնահատկություններով պայմանավորված ներկայում ձևավորվել է նոր տնտեսական համակարգ:
Կրթությունը, գիտելիքը, նորարարությունը և հետազոտությունները 21-րդ դարի իրողություններում կայուն տնտեսական աճի և տնտեսությունների մրցունակության բարձրացման անփոխարինելի տարրերն են, ակտիվներն են, որոնց միջոցով կարելի է հաղթահարել ժողովրդագրական և աշխատանքային սահմանափակումները:
Կրթությունն անսահման հնարավորությունների անկյունաքար է, որը կարող է գեներացնել գաղափարներ, մշակել նոր մոտեցումներ, զորացնել անհատներին, խթանել նորարարությունը և տնտեսության շարժիչ ուժն՝ այսօրվա և վաղվա մարտահրավերներին դիմակայելու համար:
Եթե խոսենք Հայաստանի զարգացման ուղղությունների մասին, դա միանշանակ կրթության, գիտության և բարձր տեխնոլոգիաների ուղղվածությունն է: Գիտելիքահեն միջավայրի ձևավորման միջոցով մենք նպատակադրել ենք զարգացնել այնպիսի տնտեսություն, որն աշխարհին պետք է առաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք։
Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից՝ լինի դա տնտեսական անկում, գլոբալ համաճարակ կամ սոցիալական ցնցում, կրթական հնարավորությունները պահպանելու հանձնառությունը երբեք չպետք է խաթարվի: Այսօրվա աշխարհում, որը հաճախ նշանավորվում է անորոշությամբ, մեր հավաքական պարտականությունն է ապահովել, որ հասարակության հիմնարար սյուները պահպանվեն և ամրապնդվեն անկախ հանգամանքներից:
Հարգելի՛ հյուրեր,
Խոսքիս ավարտին կցանկանայի հույս հայտնել, որ Հայաստանից կհեռանաք դրական հիշողություններով ու տպավորություններով, նոր ծանոթություններով ու նոր էներգիայով՝ ծառայելու ի շահ ձեր երկրների բարգավաճմանը»: