2021 թվականից Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 13-ը Հայաստանում նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր:
Ինչպես հայտնում են ՇՄՆ-ից, օրվա խորհրդի համատեքստում բնություն բաց թողնվեց «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը (10 առանձնյակ):
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արա Մկրտչյանը, Տիգրան Գաբրիելյանը, Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Լևոն Աղասյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է կենսաբազմազանության վերականգնման կարևորությանը.
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կենսաբազմազանության խախտված հավասարակշռության վերականգնումը մեր առաջնային խնդիրն է, և այսօրվա միջոցառումը դրան հասնելու քայլերից մեկն է:
Կենսաբազմազանությունը բնական ժառանգություն է, որն անհրաժեշտ է պահպանել և փոխանցել ապագա սերունդներին:
Հորդորում եմ զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել Հայաստանի կենդանական աշխարհը։
Հայաստանի կարմիրգրքյան կենդանատեսակների պահպանության համար պատասխանատու ենք բոլորս։ Պետք է գիտակից ու սրտացավ վարք դրսևորենք բնության հետ շփման ժամանակ»:
2013 թվականից ի վեր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։
2022թ․ հոկտեմբերին «Դիլիջան» ազգային պարկի տարածք, որպես փորձնական խումբ՝ ազատ արձակվեց թվով 3 եղջերու։
Ներկայումս կենտրոնում կա 44 եղջերու, որոնցից 10-ը այս միջոցառման շրջանակներում ազատ արձակվեցին բնություն:
Ապագայում նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի բնություն արձակում։