Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է Re-Imagining Tomorrow, Today: Ideas, Wisdom, Impact պանելային քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ չնայած տարածված վատատեսական ընկալումների՝ վերջին տասնամյակների ընթացքում մարդկությունը հսկայական առաջընթաց է գրանցել՝ էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներից մինչև պատվաստանյութեր:
Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ ապագայում մարդկության առջև հասունացող մարտահրավերները կարող են պահանջել համամարդկային հրատապ լուծումներ՝ կլիմայական փոփոխությունից մինչև աղքատություն և պետական կառավարում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ հաշվի առնելով անցած տասնամյակների մարտահրավերները և դրանցից բխող դասերը՝ մարդկությունը հավաքական կամքով և նվիրումով, այնուամենայնիվ, կհաղթահարի բոլոր խնդիրները: