ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների մի շարք հանգամանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 60-ամյա բնակիչը 2002 թ․-ից աշխատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում՝ որպես կրտսեր մասնագետ։ Վերջինս ի պաշտոնե օժտված է եղել համայնքի վարչական տարածքի՝ իր սպասարկման տեղամասում հաշվառված իրավաբանական անձանց գույքահարկի և հողի հարկի, ֆիզիկական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվառման հարկերի հավաքագրման լիազորություններով։
2013-2022 թթ․ մայիսն ընկած ժամանակահատվածում վերջինս, շարունակաբար, 40-ից ավելի քաղաքացիներից, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ ՍՊ ընկերություններից հավաքագրել է հողի և գույքի վարձակալության դիմաց իրեն վստահված հարկերի գումարները, սակայն դրանք չի մուտքագրել Վանաձոր համայնքի բյուջե, այլ ծախսել է անձնական կարիքների համար։ Այդ կերպ կատարված հափշտակությամբ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 18.000․000 ՀՀ դրամ՝ իրեն վստահված գույքը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 60-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: