ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը:
«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,
Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ,
Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար,
Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝ հիշարժան այն իմաստով, որ առաջին անգամ մեր երկրում անցկացվում է Միջխորհրդարանական միության այսպիսի ներկայացուցչական միջոցառում, այն է՝ Երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը, որին մասնակցում են կազմակերպության 60 անդամ խորհրդարանների 150 երիտասարդ պատգամավորներ, ասոցացված անդամներ, փորձագետներ, ակադեմիական շրջանակների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երևանում համաժողովի անցկացման գաղափարը ծագեց երեք տարի առաջ՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Մի քանի տարի առաջ Մարտին Չունգոնգը սկիզբ դրեց «Ես ասում եմ այո՛, խորհրդարաններում երիտասարդների մասնակցությանը» (I say yes to youth in parliaments) նախաձեռնությանը, որին միացել են անդամ երկրների խորհրդարանների նախագահներ ու պատգամավորներ, այդ թվում՝ ես:
Հպարտությամբ եմ նշում այն հանգամանքը, որ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո այսօր Հայաստանի Ազգային ժողովում մեծամասնություն են կազմում երիտասարդ պատգամավորները:
Ավելին, ըստ Միջխորհրդարանական միության անցկացրած ուսումնասիրության արդյունքների՝ ՀՀ Ազգային ժողովը երիտասարդ պատգամավորների թվաքանակով զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Այս հանգամանքը եւս կարևոր դեր ունեցավ համաժողովը Երևանում անցկացնելու մեր որոշման հարցում:
Ներկայիս համաժողովում քննարկվելիք թեման և ենթաթեմաները վերաբերում են երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանը. հարցեր, որոնք երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը:
Հարգելի՛ մասնակիցներ,
Դուք՝ երիտասարդներդ, պետք է պատրաստ լինեք ստանձնելու առաջնորդությունը և ակտիվ մասնակցություն ունենաք ձեր երկրների զարգացման մեջ: Ձեր գիտելիքներն ու հմտությունները պետք է դառնան ձեր ամենահզոր գործիքները՝ դժվարությունները հաղթահարելու համար: Մեր պարտքն է՝ աջակցել ձեզ բոլոր հնարավոր միջոցներով:
Դուք ունեք մեծ ներուժ փոխելու աշխարհը, քանի որ առավել ճկուն և համարձակ եք, քան նախորդ սերունդները: Պատմությունը ցույց է տվել, որ բնական մրցակցությունը նպաստում է առաջընթացին, և դուք ունեք բոլոր հնարավորությունները դառնալու առաջնորդներ:
Հարգելի՛ մասնակիցներ,
Առաջիկա երկու օրերի ընթացքում դուք՝ աշխարհի երիտասարդներդ, հնարավորություն կունենաք միմյանց հետ հետաքրքիր ու շահագրգիռ քննարկումներ ունենալու ձեզ հուզող հարցերի վերաբերյալ, նոր ծանոթություններ հաստատելու և ծանոթանալու մեր հրաշալի երկրի ու նրա բնակիչների հետ: Լիահույս եմ, որ սա ձեր վերջին այցելությունը չէ Հայաստանի Հանրապետություն. մենք մշտապես սպասում ենք ձեզ մեր երկրում:
Ձեզ բոլորիդ ցանկանում եմ խաղաղություն, հաջողություններ և ամենայն բարիք:
Շնորհակալություն ուշադրության համար»: