Իրանի արտգործնախարարությունը հինգշաբթի կանչել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Նիդերանդների դեսպաններին՝ կապված հակաիրանական նոր պատժամիջոցների հետ: Բացի այդ, ըստ Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ի, «մի շարք եվրոպական երկրներ շարունակվող ապակառուցողական հայտարարություններ են անում ուկրաինական հակամարտությանը Թեհրանի միջամտության վերաբերյալ»,- հայտնում է Mehr-ը։
Արտաքին գործերի նախարարությունը դեսպաններին ասել է, որ Թեհրանը «համարժեք պատասխան կտա Իրանի ժողովրդի նկատմամբ Արևմուտքի թշնամական մոտեցմանը»։
Սեպտեմբերի 11-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին արևմտյան երկրներում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Իրանը բալիստիկ հրթիռներ չի ուղարկել Ռուսաստան և վերջ»,- գրել է Արաղչին սոցցանցում։
Սեպտեմբերի 10-ին Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են ավիահաղորդակցության ոլորտում Իրանի հետ երկկողմ համաձայնագրերի մոտալուտ չեղարկման և Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ծրագրերի մասին՝ ռուսական ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու համար: Մասնավորապես, Լոնդոնն արդեն պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ «Իրանի կառավարության թշնամական գործունեությանը մասնակցելու» պատճառաբանությամբ: Բացի այդ, այդ երկրների իշխանությունները հայտարարել են պատժամիջոցների ցանկերն ընդլայնելու մտադրության մասին՝ դրանցում ներառելով իրանական բալիստիկ հրթիռների ծրագրի հետ կապված կարևոր կազմակերպությունների և անհատների: