Ավելի քան 4 հազար հրշեջ և գրեթե 800 միավոր հատուկ տեխնիկա են ներգրավված ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավում երեք բնական հրդեհների մարման գործում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժել է 15 մարդ, որոնցից 13-ը՝ հրշեջ։ Մահվան դեպքերի մասին տեղեկություն չկա։
Չորեքշաբթի Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը արտակարգ դրություն է հայտարարել Լոս Անջելեսում, Սան Բեռնարդինոյում, Օրինջ և Ռիվերսայդ շրջաններում։ Իշխանությունները հրահանգել են ավելի քան 10 հազար բնակչի տարհանել վտանգավոր տարածքներից։
Լոս Անջելեսից 50 կմ դեպի արևելք բռնկված հրդեհն ընդգրկել է ավելի քան 20 հազար հեկտար, Լոս Անջելեսի հյուսիս-արևելքում, Սան Բեռնարդինո կոմսությունում՝ ավելի քան 14 հազար հեկտար։ Բարդ իրավիճակ է ստեղծվել Լոս Անջելեսի հարավ-արևելքում, Օրինջ կոմսությունում գրեթե 9 հազար հեկտար հրդեհի մեջ է։
Կալիֆոռնիայում մինչ այժմ այրվել է 33 շենք։