Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Եվրամիության՝ սեպտեմբերի 11-ի հայտարարությանը՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարության առնչությամբ:
Հիշեցնենք, որ կոմիտեն նշել էր, որ տարիներ շարունակ Ադրբեջանի մի շարք գերատեսչություններ, այդ թվում՝ իրավապահ կառույցները մերժում են «քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Կոմիտեի երկարամյա հանձնարարականները՝ դադարեցնելու խոշտանգումների պրակտիկան»։ Եվրամիությունն Ադրբեջանին կոչ էր արել վերսկսել համագործակցությունը ԵԽ կոմիտեի հետ և վերջ տալ լրագրողների ու ակտիվիստների հետապնդումներին:
«ԵՄ-ի նման կողմնակալ և անարդար հայտարարությունները գնահատվում են որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին: Մասնավորապես, COP29-ի նախաշեմին Ադրբեջանի դեմ ուղղված այս զրպարտչական արշավը մեր երկրի նկատմամբ կողմնակալության վառ օրինակ է»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա խորհուրդ է տվել Եվրամիությանը կենտրոնանալ ԵՄ անդամ երկրներում մարդու իրավունքների խախտումների վրա: