ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, մասնակցելով Երևանում անցկացվող «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» խորագրով Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին, ելույթով հանդես է եկել «Հետհաշվարկ մինչև 2030 թվականը. ինչպիսի՞ վիճակ է երիտասարդների կրթության ու զբաղվածության հարցում» թեմայով նիստին:
«Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Մեզ համար իրապես պատվաբեր է ընդունել այսքան շատ երիտասարդ խորհրդարանականների ամբողջ աշխարհից՝ քննարկելու երիտասարդության առջև ծառացած ներկայիս մարտահրավերները և արդյունավետ լուծումներ գտնելու նրանց ձգտումները:
Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել իմ ընկերոջը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երիտասարդության հարցերով օգնական Ֆելիպե Պոլիեին այս համաժողովին իր մասնակցության և խորաթափանց խոսքերի համար, որոնք ներկայացնում են ՄԱԿ-ի համակարգում երիտասարդության օրակարգը խթանելու իր գրասենյակի ջանքերը: ՄԱԿ-ի շրջանակում նոր գրասենյակի ստեղծումն արտացոլում է երիտասարդության հիմնախնդիրներն ավելի ինտեգրված և ամբողջական կերպով լուծելու համաշխարհային հանձնառությունը: Հայաստանը լիովին աջակցում և մեծ կարևորություն է տալիս այս գրասենյակի գործունեությանը։
Յուրաքանչյուր անհատ ունի կրթության իրավունք, ավելին՝ որակյալ և ներառական կրթության իրավունք, և դա կենսականորեն կարևոր է մարդկային կապիտալի զարգացման և արժանապատիվ աշխատանքի հավասար հնարավորություններ ապահովելու համար: Այն փաստը, որ որակյալ կրթությունը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից մեկն է, արդեն իսկ բավականին խոսուն է: Նախորդ տարվա ԿԶՆ գագաթնաժողովը հնարավորություն տվեց վերագնահատելու ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 թ. օրակարգի իրականացման առաջընթացը: Համաձայն Կայուն զարգացման նպատակների զեկույցի հատուկ հրատարակության՝ հետագա անգործության պայմաններում շուրջ 84 միլիոն երեխա և երիտասարդ կզրկվեն դպրոց հաճախելու հնարավորությունից, իսկ մոտ 300 միլիոն աշակերտ չի տիրապետի հիմնական թվաբանության և գրագիտության հմտություններին: Այս համատեքստում, երբ մոտենում ենք Ապագայի գագաթնաժողովին, նման հանդիպումները վճռական դեր են խաղում մինչև 2030 թվականը և դրանից հետո բոլորի համար որակյալ կրթություն ապահովելու ջանքերը առաջ մղելու գործում: Հարգելի՛ գործընկերներ, ես վստահ եմ, որ թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմինները միասնական նպատակ ունեն իրականացնել ԿԶՆ 4-ում արտացոլված խոստումը:
Օժտված լինելով օրենսդիր լիազորություններով՝ դուք, որպես խորհրդարանականներ, բացառիկ հնարավորություն ունեք իրականացնելու թիրախային փոփոխություններ, որոնք կուժեղացնեն երիտասարդներին և կկարգավորեն նրանց լիարժեք, հավասար և իմաստալից մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Վերջերս Հայաստանը իրագործել է մի շարք համակարգային, օրինական և գործնական բարեփոխումներ կրթության ոլորտում՝ ԿԶՆ 4-ին և իր թիրախներին համահունչ: 2022 թվականին ընդունված «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» շատ կարևոր նշաձող է մեր երկրի՝ կրթական համակարգի վերափոխմանն ուղղված ջանքերում: Այս ծրագիրը նաև լրջորեն անդրադառնում է մասնագիտական կրթությանը և շարունակական ուսուցման հնարավորությունների ստեղծմանը՝ հեշտացնելով դպրոցից աշխատանքի անցումը և համապատասխանեցնելով հմտությունները աշխատանքի շուկայի պահանջներին, ինչն օգնում է նվազեցնել երիտասարդների գործազրկությունը: …»