«Հրազդանի ՋԷԿ»-ի տարածքում ապօրինի շահագործված ձուլարանում պայթյունից տուժածներից 4-ը շարունակում են բուժումը, մեկի վիճակը կայուն ծանր է: Թեթև վնասվածքներ ստացած մեկ քաղաքացի արդեն դուրս է գրվել, «Լուրերին» հայտնել է Հրազդանի բժշկական կենտրոնի փոխտնօրենը: Պայթյունի օրը հիվանդանոց էր տեղափոխվել 6 տուժած, նրանցից մեկը մահացել էր:
«Այս պահին ունենք 4 հիվանդ, որոնցից 2-ը թեթև աստիճանով տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք, շարունակում ենք հսկողությունը և պլանավորում, որ վաղը դուրս գրենք:
Ախտորոշվել է պոլիտրավմա, օրգանների փակ վնասվածք և ձախ ստորին վերջույթի և կոնքի ձախ կեսի ոսկրերի տրավմատիկ ամպուտացիա՝ որովայնի խոռոչի օրգանների արտանկումով, վերցվել է վիրահատության, ամպուտացված վերջույթները, ջնջխված հյուսվածքները անհնար է վերականգնել, և դա կատարվել է կյանքի ցուցումով՝ կյանքը փրկելու համար, անհրաժեշտ կլինի մի քանի փուլով վիրահատական միջամտություններ կատարել:
Այս պահին կյանքին սպառնացող վիճակ չկա, վիճակը կայուն է, բայց պետք է հսկողության տակ պահենք»,- ասել է Հրազդանի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արա Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետևանքով 6 աշխատակից վիրավորվել էր, որոնցից 1-ը՝ զոհվել:
Դեպքից ժամեր անց ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում գտնվող և ապօրինի շահագործված օբյեկտին երկու անգամ բացասական եզրակացություն է տրամադրել: