«ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» և Բնակարանային ապահովում» ծրագրի՝ «Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» միջոցառումների շրջանակներում սահմանված աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
«ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակում 2020 թ. տեղահանված և 2024 թ. հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած թվով 3947 ընտանիքի հնարավորություն է ընձեռվել ՀՀ-ում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն: Ծրագրի շրջանակում աջակցությունն ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։ Օգոստոսի 7-ի. դրությամբ հավաստագիր ստացած 3947 ընտանիքներից 3143-ն իրացրել է հավաստագիրը, այսինքն՝ հիփոթեքային վարկավորմամբ ձեռք է բերել անշարժ գույք կամ ստացել է կառուցապատման վարկ։ Ընդ որում, 428 ընտանիք գույքը ձեռք է բերել հավաստագրերի միավորմամբ, այսինքն՝ հիփոթեքային վարկավորման գործարքների թիվը կազմում է 2715։
«Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» միջոցառումն ուղղված է երիտասարդ, նորաստեղծ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Ծրագրի շրջանակում համագործակցության պայմանագիր է կնքել թվով 7 կազմակերպություն՝ 6 բանկ և 1 վարկային կազմակերպություն, որոնց միջոցով ստացվել և ՄՍԾ կողմից հաստատվել է շուրջ 1946 շահառուի հայտ, որից 1127-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է և վարկը տրամադրվել է։
Որոշմամբ առաջարկվում է սահմանված ժամկետների պահպանման ու ծրագրերի շահագործման բնականոն ընթացքի ապահովման (ուշացումների բացառման) նպատակով իրականացնել 2024 թ. 9 ամսվա և տարեկան ծախսերի գումարների ավելացում ընդհանուր 2 մլրդ 520 մլն դրամով։