2024 թվականի առաջին կիսամյակում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նվազել են 29,3 տոկոսով: Սա ֆորմալ նվազում չէ, դա բացահայտման և քննության որակի փոփոխությունն է և այն տեխնոլոգիաներին հասանելիությունը, որով շրջանառվում են թմրամիջոցները: Նվազումը լավարկված քննության արդյունք է: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Ըստ Վարդապետյանի՝ կա «հետաքրքիր վիճակագրություն»՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրելու փորձ արված և բացահայտված թմրամիջոցի քանակի հետ կապված:
«Այստեղ աճ ունենք մաքսանենգության, ինչը նշանակում է, որ բացահայտման ցուցանիշն ավելացել է, այսինքն՝ երբ փորձում են ապօրինի ճանապարհով թմրամիջոցը ներկրել ՀՀ, այդտեղ բացահայտվում է հանցագործությունը: Նախորդ տարիներին մենք նման ցուցանիշներ չունեինք՝ մաքսանենգության հետ կապված:
2023 թվականին նույնիսկ աճել էր առգրավված թմրամիջոցների քանակը. դրանք տարբեր տեսակի են, ընդհուպ ամենածանր թմրամիջոցներն էին ընդգրկում: Եվ կարևոր է, որ այդ թմրամիջոցները դուրս են եկել շրջանառությունից: Կարելի է դա էլ գնահատել որպես դրական ցուցանիշ քննության որակի տեսանկյունից»,- ասաց Վարդապետյանը: