Ազգային ժողովի վերջին նստաշրջանում ընդունվեց Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև դատական համագործակցության մասին համաձայնագիրը, որի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը: Համաձայնագիրը պետք է ստորագրվի նաև ՀՀ նախագահի կողմից:
Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին քննարկվեց համաձայնագրին կից աշխատակարգը, որը հնարավորություն է տալու համագործակցության հարցերով դատախազի ներկայացվածությանը, նրա գործունեության շրջանակին, մասնավորապես՝ Եվրաջասթի կոլեգիայի լիագումար նիստերի, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին, իրազեկման միջոցառումներին և ծրագրերին մասնակցության հետ կապված հարցերի կարգավորում ապահովել:
Ըստ արդարադատության նախարարի՝ աշխատակարգ-միջազգային պայմանագիրը նախատեսվում է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազի, Եվրաջասթի նախագահի և ՀՀ արդարադատության նախարարի կողմից Եվրաջասթի նախագահի՝ Երևան այցելության շրջանակում, որը նախատեսված է սեպտեմբերի 23-ին:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մանրամասնեց՝ խոսքն իրավական օգնության շրջանակում քրեական վարույթի ընթացքում երրորդ երկրներ ուղարկվող իրավական օգնության հարցումների և տարբեր տվյալների հայցման մասին, որոնք պաշտպանված են անհատական տվյալների պաշտպանության գործիքակազմով, այդ պատճառով դրանք չեն հրապարակվում, բայց օգտագործվում են քրեական վարույթների շրջանակում:
«Մեր դատախազը, որը կլինի այնտեղ, մեր կոնտակտային անձն է, և կոնտակտային անձի միջոցով մենք ապահովում ենք հարցումների օպերատիվ հասանելիությունը ԵՄ անդամ երկրներին և հարցում կատարելու ժամանակ խնդիրների շատ արագ և օպերատիվ լուծումը»,- ասաց Վարդապետյանը:
Հայաստանը ԵՄ անդամ երկիր չհանդիսացող երրորդ երկրների շարքում է (13-րդն է), որը ստորագրել է համաձայնագիրը: Մինչև Հայաստանի անդամակցությունը Եվրաջասթին անդամակցել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և այլ երկրներ: