Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատի բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մասնագիտական թիմի ներգրավմամբ նախարարը քննարկում է ունեցել բուժհաստատության ղեկավար կազմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզպետարանի
առողջապահության ոլորտի պատասխանատուներ։
Աշխատանքային քննարկման թեման եղել է բուժհաստատության կողմից մատուցվող ծառայությունների ծավալների դիտարկումը, ֆինանսական վիճակի առողջացմանը միտված միջոցառումների ձեռնարկումը։
Նախարարն ընդգծել է այստեղ ծառայությունների կազմակերպման, միջոցների կառավարման, կառավարչական հմտությունների բարելավման անհրաժեշտությունը։
«Ինձ համար առաջնահերթ են բուժօգնության որակը, բուժաշխատողների աշխատավարձը և աշխատանքային պատշաճ պայմանները։
Ծառայությունների դիմաց վճարել և վճարելու ենք, մնացածը կառավարչական ձեր հմտությունների, ռեսուրսների ճիշտ ուղղորդման և այլ միջոցառումներ ձեռնարկելու մեջ է, և մենք պատրաստ ենք աջակցել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը եղել է նաև Արտաշատի ՀՎԿԱԿ մասնաճյուղում, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։